Tuesday, September 6, 2016

Հարկային և իրավական հարցերով աջակցություն մեր հաճախորդներին՝ այսուհետ նաև Նիդերլանդներում


      Նիդերլանդներում գործող խոշորագույն «Law & More» իրավաբանական ընկերության հետ համագործակցության հուշագրի կնքմամբ «AM» իրավաբանական ընկերությունը ձեռք է բերել նոր գործընկեր նոր տարածաշրջանում: 
     Գործունեության բազմամյա փորձ ունեցող «Law & More» ընկերությունը մատուցում է ինչպես իրավաբանական (փաստաբանական), այնպես էլ հարկային ոլորտի խորհրդատվական ծառայություններ՝ առավելապես կենտրոնացած լինելով կորպորատիվ և հարկային իրավունքի ճյուղերում: Ընկերությունը հանդիսանում է Հաագայում, Բրյուսելում և Վալենսիայում ներկայացուցչություններ ունեցող LCS փաստաբանական ընկերակցության անդամ:  
      Նոր համագործակցությունը «AM» իրավաբանական ընկերության և «Law & More» ընկերության հաճախորդներին հնարավորություն կտա բարձրորակ մասնագիտական աջակցության միջոցով լուծել իրավական կամ հարկային ոլորտին առնչվող ցանկացած խնդիր ինչպես Հայաստանի, այնպես էլ Նիդերլանդների տարածքում:

Նոր գործընկեր Իրանի Իսլամական Հանրապետությունում


    «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանը և գլխավոր իրավախորհրդատու Նարինե Սարգսյանը հյուրընկալեցին Իրանի ամենափորձառու առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը հանդիսացող Karimi & Associates Law Firm-ի ներկայացուցիչներին, այդ թվում՝ կառավարիչ տնօրեն Անուշիրվան Քարիմիին: 
      Հանդիպման արդյունքում երկու ընկերությունների միջև կնքվեց համագործակցության հուշագիր, ինչը հնարավորություն կտա որակյալ մասնագետների միջոցով լուծել մեր հաճախորդների հնարավոր իրավական խնդիրները Իրանի Իսլամական Հանրապետությունում:
      Հաշվի առնելով Հայաստանի ու Իրանի միջև բիզնես կապերի զարգացման ներկայիս միտումները և գնահատելով այդ հարթության վրա բարձրակարգ իրավաբանական ծառայությունների կարևորությունը՝ «AM» իրավաբանական ընկերությունն այսուհետ կարող է իր հաճախորդներին առաջարկել Իրանում բիզնես սկսելու և վարելու համար անհրաժեշտ իրավաբանական ծառայություններ, ինչպես նաև աջակցել պարսկական հնարավոր ներդրումների իրականացմանը Հայաստանում:

Գյումրու գրասենյակի հերթական բաց դռների օրվա հիմնական ուղղությունն այս անգամ ժառանգության հետ կապված խնդիրներն են

    
        Շարունակելով անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել Գյումրու բնակիչներին և հաշվի առնելով ժառանգության հետ կապված խնդիրներով հաճախորդների հարցումների մեծ քանակը՝ «AM» իրավաբանական ընկերությունը հայտարարում է իր հերթական բաց դռների օրը, այս անգամ առավելապես ժառանգության բացման, դրա ընդունման կարգի, ինչպես նաև ժառանգվող գույքի բաժանման հետ առնչվող հարցերի շուրջ: 
         Բաց դռների օրը կկայանա հուլիսի 28-ին, ժամը 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
         Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:

Sunday, August 7, 2016

Լատվիայից ժամանած մասնագետը ներկայացրեց Եվրոպական Միության ապրանքային նշանների մեկ հայտով գրանցման առանձնահատկությունները


   Եվրոպական ապրանքային նշանների հավատարմատար Ալինա Բոգդանովիչան ոլորտի հայ մասնագետներին ներկայացրեց Եվրոպական Միության ապրանքային նշանների գրանցման գործընթացի հիմնական առանձնահատկությունները:
  «AM» իրավաբանական ընկերության գլխամասային գրասենկայում կայացած սեմինարին ներկա գտնված ոլորտի առաջատար մասնագետներին, արտոնագրային հավատարմատարներին և փաստաբաններին ներկայացվեցին նաև Եվրոպական Միության միասնական ապրանքային նշանի գրանցման գործընթացում կատարված վերջին փոփոխությունները, որոնք հնարավորություն են տալիս մեկ հայտով գրանցել ԵՄ անդամ բոլոր պետություններում գործող ապրանքային նշան:
    Սեմինարը իրականացվեց  «Զ. Մանուկյան և գործընկերներ» արտոնագրային բյուրոյի նախաձեռնությամբ, որը Հայաստանում գործող մտավոր սեփականության ոլորտում մասնագիտացված ամենափորձառու և հեղինակավոր կազմակերպություներից մեկն է և արդեն երկար տարիներ հանդիսանում է «AM» Իրավաբանական ընկերության վստահելի գործընկերը:

Friday, August 5, 2016

ԵՄ կապիտալը Հայաստան բերելու նոր հնարավորություններ


    Հավատարիմ մնալով օտարերկրյա ներդրումներով բիզնեսներին աջակցելու և խթանելու գործին` «AM» իրավաբանական ընկերությունը դարձավ Եվրոպական Բիզնես Ասոցացիայի խորհրդի անդամ: ԵՄ պատվիրակության աջակցությունը վայելող այս նախաձեռնությունը էապես կբարձրացնի Հայաստանում ներդրումային գրավչությունը եվրոպական կապիտալով կազմակերպությունների համար:
       Այդ նպատակով մեր ընկերության բաժնետերերը որոշում կայացրեցին անդամակցել այս Ասոցիացիային, որից հետո մեր ընկերությունը դարձավ նաև դրա խոհրդի անդամ: Այսուհետև մենք հնարավորություն կունենանք լիարժեք իրավական աջակցություն ապահովել թե այս կազմակերպությանը և թե ԵՄ երկրներում հինադրված ու Հայաստանում գործել ցանկացող նրա շահառուներին: Oտարերկյա ներդրողների համար առավել կարևոր նշանակություն ունի պրոֆեսիանալ իրավաբանական ընկերությունների աջակցությունը, որոնք օժանդակում են նրանց բիզնեսի գրանցման և գործունեության ողջ ընթացում:
   Հուլիսի 7-ին կայացավ Ասոցացիայի կողմից կազմակերպված «Բիզնեսի հեռանկարները, խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» բիզնես ֆորումը, որի ընթացքում բարձրացվեցին օտարերկրա ներդրողների համար առկա խոչընդոտները, արձանագրված խնդիրները և առաջարկվեցին դրանց վերացմանն ուղղված լուծումներ, այդ թվում` հավասար մրցակցային պայմանների ստեղծման հնարավորությունները: 
    Ասոցացիայի ստեղծումը նշանակալի առաջխաղացում է, որը կնպաստի Հայաստանում ապահով գործարար միջավայրի կայացմանը և նորանոր ներդրումների ներգրավմանը։
  Հիշեցնենք, որ «AM» իրավաբանական ընկերությունը հանդիսանում է նաև Հայ-Ֆրանսիական և Հունահայկական առևտրաարդյունաբերական պալատների գործընկերը:


Wednesday, August 3, 2016

Դատական համակարգի աննախադեպ որոշումը «AM» իրավաբանական ընկերության վստահորդի օգտին






      ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Վ. Ռշտունու, 27.04.2016թ-ին կայացրած թիվ ՇԴ/0006/11/16 որոշմամբ օրինական ուժի մեջ է թողել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. մարտի 30-ի որոշումը՝ դրանով իսկ վերականգնելով «AM» իրավաբանական ընկերության վստահորդի խախտված իրավունքները:
    Դատարանի այս որոշմամբ, մասնավորապես, հիմնավորվել է, որ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը չի հանդիսանում հանրային ծառայող, հետևաբար նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հանրային ծառայության մեջ գտնվող անձ: Հիշատակված դատական ակտում տրված հիմնավորումներն այսուհետ կարող են հիմք հանդիսանալ որոշակի պաշտոն զբաղեցնող, սակայն համաձայն օրենքի նորմերի տրված մեկնաբանության հանրային ծառայող չհանդիսացող անձանց իրավունքների պաշտպանության համար:

«IAB» բիզնեսի միջազգային ակադեմիայի աշակերտների համար կազմակերպել էինք բիզնեսի վարման օրենսդրության վերաբերյալ անգլերեն լեզվով դասընթաց


        Ընկերության գլխամասային գրասենյակում աշակերտների համար կազմակերպված անգլերեն դասընթացը վարում էր «AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Նարինե Սարգսյանը:
  Անցկացված ուսումնական դասընթացի շրջանակներում քննարկվեցին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ նախապայմանները, վերոնշյալ գործունեության իրավական կարգավորումները, մասնավորապես՝ իրավաբանական անձի ստեղծան և գրանցման առանձնահատությունները: Աշակերտներին ներկայացվեց նաև «AM» իրավաբանական ընկերության ստեղծման և զարգացման պատմությունը, ընկերությունում աշխատողների առաջխաղացման կանոնները, ինչպես նաև ընկերության գործունեությանն առնչվող այլ մանրամասներ: 
    Հանդիպման ընթացքում երեխաների դրսևորած ակտիվության և բազմաթիվ հարցադրումների արդյունքում ծավալված ակտիվ քննարկումները հնարավորություն տվեցին ինչպես բացահայտել արդեն ձևավորված գաղափարներով ապագա գործարարներին, այնպես էլ օրենսդրական կարգավորումների վերաբերյալ արժեքավոր գիտելիքներ փոխանցել նրանց: