Thursday, February 25, 2016

Իրավական անվտանգության երաշխիքներ ֆրանսիական ներդրողներին

   Այսուհետ Հայաստանում ներդրումներ իրականացնող ֆրանսիական ընկերությունները կարող են ավելի արդյունավետ լուծել իրենց իրավական անվտանգության խնդիրը՝ օգտվելով «АМ» ընկերության իրավաբանական տարաբնույթ ծառայություններից: Հայկական բիզնես միջավայրում ֆրանսիական ընկերությունների ապահով գործունեության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ աշխատանքի կոնկրետ ծրագրեր են քննարկել Հայ-Ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCI France Arménie) և «AM» իրավաբանական ընկերության ներկայացուցիչները:
  Այդ նպատակով Հայաստանում ֆրանսիական ներդրողներին միավորող և նրանց գործունեությանն աջակցող CCI France Arménie գործադիր տնօրեն Էլոդի Բիոլեն հյուրընկալվել է «AM» իրավաբանական ընկերության գլխամասային գրասենյակում և հանդիպել իրավաբանական ընկերության բաժնետեր Եվա Առաքելյանի և գլխավոր իրավախորհրդատու Նարինե Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի գործունեությունը, ինչպես նաև Հայաստանում ֆրանսիական կազմակերպությունների գործունեության աշխուժացման հնարավորությունները:
  Այդ առումով կարևորվել է ներդրողներին իրավական աջակցությունը,  մասնավորապես «AM» իրավաբանական ընկերության կողմից որակյալ իրավաբանական ծառայությունների մատուցման հնարավորությունները և ծառայությունների շրջանակը: Քննարկվել են Հայ-ֆրանսիական ԱԱՊ և «AM» իրավաբանական ընկերության համագործակցության հետագա գործողությունների ծրագիրը ու նախանշվել են համատեղ աշխատանքի հետագա քայլերը:
  Նշենք, որ Հայ-Ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը  հանդիսանում է Միջազգային Ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի անդամ, որը համախմբում է 113 առևտրաարդյունաբերական պալատ 83 երկրից և հանդիսանում է «Բիզնես Ֆրանս»-ի արտոնյալ գործընկեր:

Առավել մանրամասն՝ www.ccifrance-armenie.com

Tuesday, February 23, 2016

Մշակութային վեճն ավարտվեց Երվանդ Քոչարի թանգարանից հայցած ներողամտությամբ

Փաստաբանական գործունեության լավագույն արդյունքը նմանատիպ վեճերի արտադատական լուծումն է: «AM» իրավաբանական ընկերությանը հաջողվել է ներկայիս փուլում առանց հետագա դատական քաշքշուկների ապահովել իրավական արդյունավետ լուծում Երվանդ Քոչարի թանգարանի և ժառանգների համար: Այս մասին ավելի մանրամասն ներկայացված է լրատվամիջոցի հետևյալ անդրադարձում. http://shabat.am/article/29822/29822.html

Friday, February 12, 2016

Փորձ Է արվում նսեմացնել Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգությունը

   
  Վերջին շրջանում զարմանալի է տեսնել «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» հասարակական կազմակերպության հայտարարությունը «Զվարթնոցի արծիվ» քանդակի հետ կապված, որով փորձ է արվում կասկածի տակ դնել Երվանդ Քոչարի համահեղինակությունը: 
  Հայտարարության հեղինակներն իրենց խոսքն ավելի լսելի դարձնելու համար օգտագործել են վիրավորանքներ և վարկաբեկող արտահայտություններ, ինչի հետ կապված Երվանդ Քոչարի թանգարանի և ժառանգների իրավունքների պաշտպանությունը ստանձնել է «AM» իրավաբանական ընկերությունը
    «Զվարթնոցի արծիվ» քանդակը հրապարակման (տեղադրման) պահից հայտնի է եղել որպես Երվանդ Քոչարի և Ռաֆայել Իսրայելյանի համահեղինակությամբ ստեղծված աշխատանք, ինչը հանրահայտ փաստ է և հաստատվում է ինչպես բազմաթիվ գրքերով, տպագիր մամուլի հոդվածներով, վկայություններով, այնպես էլ պատմության և մշակույթի հուշարձանների ռեեստրի վկայագրով, որոնց համաձայն քանդակի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, իսկ քանդակագործը` Երվանդ Քոչարը: «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների համաձայն քանդակի նկատմամբ սահմանվում է երկու արվեստագետների համահեղինակության իրավունքը: 
    Երվանդ Քոչարի թանգարանը, ինչպես նաև ժառանգները երբևէ չեն ներկայացրել «Զվարթնոցի արծիվը» որպես բացառապես Քոչարի աշխատանք և միշտ բարեխղճորեն նշել են երկու համահեղինակներին: Պետք է նշել, որ Ռաֆայել Իսրայելյանը և Երվանդ Քոչարն իրենց կենդանության օրոք ևս որևէ կերպ չեն վիճարկել այդ փաստը:
   «Զվարթնոցի արծիվ» ուղենիշ կոթողով յուրաքանչյուրս կարող էինք հպարտանալ որպես երկու մեծագույն արվեստագետների համագործակցության արդյունք, մինչդեռ այսօր, օգտագործելով երկու մեծերի անունները, փորձ է արվում վնասել նրանց թողած մշակութային ժառանգությանը: 
    «AM» իրավաբանական ընկերությունը պաշտպանելու է Երվանդ Քոչարի թանգարանի և ժառանգների հեղինակային իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը և հետամուտ է լինելու, որ նմանատիպ հրապարակումներն անհետևանք չմնան նաև իրավական հարթությունում: