Tuesday, March 29, 2016

Իրավական խնդիրների լուծման նոր հնարավորություններ «AM» իրավաբանական ընկերության միջազգային գործընկերների միջոցով


    «AM» իրավաբանական ընկերությունն ընդլայնում է իր հաճախորդներին մատուցվող ծառայությունների տարածքն ու շրջանակը՝ կնքելով փոխգործակցության նոր համաձայնագրեր իրավաբանական ծառայություններ մատուցող օտարերկրյա կազմակերպությունների հետ:
    «AM» իրավաբանական ընկերության նոր գործընկերն է Ուկրաինայում գործող «Первая Украинская Долговая Компания» գործակալությունը, որի արհեստավարժ թիմը մասնագիտացած է Ուկրաինայի տարածքում պարտքերի հետ գանձման ուղղությամբ մատուցվող բոլոր ծառայությունների մասով: Այս համագործակցության արդյունքում «AM» իրավաբանական ընկերության հաճախորդները կկարողանան լուծել չվճարված գումարային պարտավորությունների հետ գանձման իրենց խնդիրներն Ուկրաինայում  ինչպես արտադատական ճանապարհով, այնպես էլ դատական և դատական ակտերի հարկադիր կատարման բոլոր փուլերում:
  Եվս մեկ համագործակցության հուշագրի կնքմամբ «AM» իրավաբանական ընկերությունը համագործակցելու է հնդկական IP TRACTUS մտավոր սեփականության ոլորտում գործող կազմակերպության հետ: Որակյալ մասնագիտական թիմն ապահովում է ապրանքային նշանների գրանցման ողջ գործընթացն ու դրան առնչվող ցանկացած հարցի լուծումը՝ ներկայացնելով նաև հաճախորդի շահերը հնդկական Մտավոր սեփականության գործակալությունում:

Friday, March 18, 2016

Անվճար իրավաբանական խորհրդատվության հերթական օրը Գյումրու մասնաճյուղում

    Հարգելի՛ գյումրեցիներ, անվճար խորհրդատվության ընթացքում կարող եք ձեզ հուզող հարցերի պատասխանները ստանալ ինչպես իրավունքի բոլոր ճյուղերի խնդիրների, այնպես էլ իրավական ակտերի վերջին փոփոխությունների կապակցությամբ, մասնավորապես ԵՏՄ տարածքից Հայաստանի տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացմանն առնչվող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների ու լրացումների վերաբերյալ:
   «AM» իրավաբանական ընկերության Գյումրու գրասենյակում շարունակվում է անվճար իրավաբանական խորհրդատվությունների տրամադրումը: Բաց դռների հերթական օրը կկայանա մարտի 17-ին, ժամը 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
   Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:

Thursday, March 17, 2016

«AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Լևոն Սահակյանի հարցազրույցը «Իրավական շաբաթ» հաղորդման շրջանակում

 
 
     «AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Լևոն Սահակյանը iravaban.net-ի «Իրավական շաբաթ» հաղորդման շրջանակներում անդրադառնում է կալանքի կիրառման հիմնախնդիրների վերաբերյալ հարցերին՝ շեշտադրում կատարելով այն դեպքերի վրա, երբ նախաքննական մարմինների կողմից կալանքի սպառնալիքն օգտագործվում է որպես ցուցմունք կորզելու կամ վիճելի հարկային պարտավորությունները կատարելուն պարտադրելու գործիք:

Friday, March 11, 2016

Բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտներից սպասվող պրոֆեսիոնալ ակնկալիքների վերաբերյալ քննարկում


  Բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտներից սպասվող պրոֆեսիոնալ ակնկալիքների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել միջազգային համաժողովում: Դավիթ Հունանյանը, ով որպես «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր մշտապես աշխատում է նորավարտ ուսանողների հետ և այդ աշխատանքի շնորհիվ լավատեղյակ է ծագող խնդիրներին ու այն հմտություններին, որոնք անհրաժեշտ է ստանալ բարձրագույն ուսումնական հաստատություններում, համաժողովի ընթացքում ներկայացրել և պարզաբանել է գործատուի կողմից աշխատանքի ընդունվելու հավակնորդներին ներկայացվող պահանջները: Մասնավորապես շեշտադրում է կատարվել այն պահանջներին, որոնց պետք է համապատասխանի բարձրագույն ուսումնական հաստատության շրջանավարտն աշխատանքի ընդունվելու համար:
   Այս և ՀՀ կրթական համակարգում առկա այլ խնդիրների, դրանց լուծմանն ուղղված հետագա բարեփոխումների, Հայաստանի որակավորումների ազգային շրջանակների հեռանկարների և ուսումնական ծրագրերի ու դրանց վերջնարդյունքների վերաբերյալ հարցերը քննարկվել են ՏԵՄՊՈՒՍ «ARMENQA» նախագծի շրջանակներում կայացած «Որակավորումների ազգային և ոլորտային շրջանակների իրականացման հիմնախնդիրները ՀՀ բարձրագույն կրթության համակարգում» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում:
   Ծրագրի մասնակիցների թվում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար դոկտ. Կարինե Հարությունյանը, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, Օսնաբուրկի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Վոլկեր Գեհմլիխը, Հայաստանում «Էռազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և կրթության ոլորտի մի շարք օտարերկրյա ներկայացուցիչներ:
    «ARMENQA»-ն եռամյա ազգային ծրագիր է, որն ուղղված է Հայաստանում ազգային և սեկտորալ որակավորումների շրջանակի իրագործմանը: Ծրագրի համակարգողն է Շվեդիայի Լինշոփինգ համալսարանը:

Wednesday, March 9, 2016

Վստահելի լուծումներ միգրացիոն խնդիրներով


    Կանադական West Coast Odyssey Enterprises Inc. կազմակերպությունը, որը միգրացիոն ծառայությունների մատուցման ոլորտում առաջատարներից է, և  «AM» իրավաբանական ընկերությունը նոր ձևաչափով գործընկերային հարաբերություններ են հաստատել: WCOE-ի ծառայությունների շրջանակը ներառում է մի շարք երկրների միգրացիոն իրավունքի խնդիրներ, մասնավորապես ԱՄՆ-ի, Կանադայի, Հունաստանի, Գերմանիայի, Դանիայի, Պորտուգալիայի, Սլովակիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և այլն:
   Նոր գործընկերոջ հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս «AM» իրավաբանական ընկերությանն իր հաճախորդներին առաջարկել որակյալ և արհեստավարժ միգրացիոն ծառայություններ տարբեր երկրներում, ձևավորել հաջող արդյունքով վստահելի լուծումներ: Այսուհետ մեր հաճախորդ ֆիզիկական անձինք, ինչպես նաև գործընկեր իրավաբանական անձինք իրենց հաճախորդների՝ արտերկրում ծագած միգրացիոն խնդիրներով կարող են դիմել մեզ և «AM» իրավաբանական ընկերության ու տարբեր երկրների միգրացիոն մարմինների հետ արդյունավետ աշխատանքներ իրականացնող WCOE-ի հետ համագործակցության շնորհիվ ստանալ տեսանելի արդյունքներ: