Այսօր «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր
Մինասյանը հրապարակային առաջարկ է հղել «ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին: Գրության
մեջ մասնավորապես ասված է.
«Կիսելով էլեկտրաէներգիայի թանկացման կապակցությամբ մեր բազմաթիվ
հայրենակիցների անհանգստությունը` ցանկանում ենք կառուցողական համագործակցության եղանակով
մեղմել ներկայիս բարդ իրավիճակը:
«ՀԷՑ» ՓԲԸ-ն սակագնի բարձրացումը
հիմնավորում է իր կողմից իրականացվող ծախսերով,
որոնք գերազանցում են ստացված եկամուտները: Ներկայացված ծախսերն ակնհայտորեն ընդգրկում
են նաև խոշոր գումարներ, որոնք հատկացվում են իրավաբանական ու հաշվապահական ծառայությունների
ձեռքբերմանը:
Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սակագնի
բարձրացման ազդեցությունը բազմաթիվ սոցիալապես անապահով մարդկանց վրա, ինչպես նաև իրապես
զգալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն` «AM» իրավաբանական ընկերությունն
առաջարկում է իր իրավաբանական և հաշվապահական
ծառայությունները` ներկայումս «ՀԷՑ»-ի
կողմից այլ ընկերություններին վճարվող գումարի ուղիղ կեսի չափով: Այսինքն` մենք առաջարկում
ենք 50 տոկոսով կրճատել Ձեր ծախսերը նվազագույնը այս երկու հոդվածներով և համամասնորեն
նվազեցնել էլեկտրաէներգիայի թանկացման Ձեր հայտը:»
«AM» իրավաբանական ընկերությունը
կոչ է անում նաև այլ մատակարարներին և ծառայություններ մատուցողներին միանալ այս հրապարակային
առաջարկին: Այսինքն` առաջարկում ենք բոլոր գործարարներին իրենց որակյալ ապրանքը կամ
ծառայությունը էականորեն ավելի էժան վաճառել «ՀԷՑ»-ին և դրանով իսկ նպաստել «ՀԷՑ»-ի ոչ անհրաժեշտ ծախսերի կրճատմանը,
հետևաբար նաև կասեցնել շատերի համար խիստ ցավալի թանկացումը:
«AM»
իրավաբանական
ընկերության արտաքին կապերի ծառայություն
