Showing posts with label Հեղինակային իրավունքի խնդիրներ. Show all posts
Showing posts with label Հեղինակային իրավունքի խնդիրներ. Show all posts

Friday, February 12, 2016

Փորձ Է արվում նսեմացնել Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգությունը

   
  Վերջին շրջանում զարմանալի է տեսնել «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» հասարակական կազմակերպության հայտարարությունը «Զվարթնոցի արծիվ» քանդակի հետ կապված, որով փորձ է արվում կասկածի տակ դնել Երվանդ Քոչարի համահեղինակությունը: 
  Հայտարարության հեղինակներն իրենց խոսքն ավելի լսելի դարձնելու համար օգտագործել են վիրավորանքներ և վարկաբեկող արտահայտություններ, ինչի հետ կապված Երվանդ Քոչարի թանգարանի և ժառանգների իրավունքների պաշտպանությունը ստանձնել է «AM» իրավաբանական ընկերությունը
    «Զվարթնոցի արծիվ» քանդակը հրապարակման (տեղադրման) պահից հայտնի է եղել որպես Երվանդ Քոչարի և Ռաֆայել Իսրայելյանի համահեղինակությամբ ստեղծված աշխատանք, ինչը հանրահայտ փաստ է և հաստատվում է ինչպես բազմաթիվ գրքերով, տպագիր մամուլի հոդվածներով, վկայություններով, այնպես էլ պատմության և մշակույթի հուշարձանների ռեեստրի վկայագրով, որոնց համաձայն քանդակի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, իսկ քանդակագործը` Երվանդ Քոչարը: «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների համաձայն քանդակի նկատմամբ սահմանվում է երկու արվեստագետների համահեղինակության իրավունքը: 
    Երվանդ Քոչարի թանգարանը, ինչպես նաև ժառանգները երբևէ չեն ներկայացրել «Զվարթնոցի արծիվը» որպես բացառապես Քոչարի աշխատանք և միշտ բարեխղճորեն նշել են երկու համահեղինակներին: Պետք է նշել, որ Ռաֆայել Իսրայելյանը և Երվանդ Քոչարն իրենց կենդանության օրոք ևս որևէ կերպ չեն վիճարկել այդ փաստը:
   «Զվարթնոցի արծիվ» ուղենիշ կոթողով յուրաքանչյուրս կարող էինք հպարտանալ որպես երկու մեծագույն արվեստագետների համագործակցության արդյունք, մինչդեռ այսօր, օգտագործելով երկու մեծերի անունները, փորձ է արվում վնասել նրանց թողած մշակութային ժառանգությանը: 
    «AM» իրավաբանական ընկերությունը պաշտպանելու է Երվանդ Քոչարի թանգարանի և ժառանգների հեղինակային իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը և հետամուտ է լինելու, որ նմանատիպ հրապարակումներն անհետևանք չմնան նաև իրավական հարթությունում: