Showing posts with label լավագույն իրավաբանական գրասենյակ. Show all posts
Showing posts with label լավագույն իրավաբանական գրասենյակ. Show all posts

Tuesday, May 3, 2016

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի իրավաբանական աջակցությունը ստանձնում է «AM» իրավաբանական ընկերությունը



    2016թ. ապրիլի 26-ին հրավիրված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ «AM» իրավաբանական ընկերությունը միանում է «Գյումրին առանց տնակների» ծրագրին և դրա իրագործման նպատակով ստեղծված հիմնադրամի գործունեությանը: «Գյումրին առանց տնակների» ծրագրի նպատակն է լուծել Գյումրիում անօթևանության խնդիրը՝ այդ նպատակով իրականացնելով քաղաքը տնակներից ազատելուն ուղղված մի շարք ծրագրեր:
    Ծրագրի արդյունավետ իրականացման հարցում կարևորվում է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի կառավարման խորհրդի կազմում հանրային վստահություն վայելող անձանց ներգրավումը, և որ հատկանշական է՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելը: 
   Իրականացվող մեծածավալ ծրագրի շրջանակներում «AM» իրավաբանական ընկերությունն ապահովելու է ամբողջական իրավաբանական ուղեկցում` այդպիսով շարունակելով ընկերության կողմից Գյումրիում հասարակական հիմունքներով կատարվող աշխատանքները: Հիշեցնենք նաև, որ յուրաքանչյուր ամսվա երրորդ հինգշաբթի օրն ընկերության Գյումրու գրասենյակն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում Գյումրու բնակիչներին:

Tuesday, February 23, 2016

Մշակութային վեճն ավարտվեց Երվանդ Քոչարի թանգարանից հայցած ներողամտությամբ

Փաստաբանական գործունեության լավագույն արդյունքը նմանատիպ վեճերի արտադատական լուծումն է: «AM» իրավաբանական ընկերությանը հաջողվել է ներկայիս փուլում առանց հետագա դատական քաշքշուկների ապահովել իրավական արդյունավետ լուծում Երվանդ Քոչարի թանգարանի և ժառանգների համար: Այս մասին ավելի մանրամասն ներկայացված է լրատվամիջոցի հետևյալ անդրադարձում. http://shabat.am/article/29822/29822.html

Monday, April 27, 2015

‹‹Հերացի›› ավագ դպրոցի աշակերտները ծանոթացան մեր ընկերության աշխատանքներին

‹‹AM›› իրավաբանական ըկերությունը  հյուրնկալել է  ԵՊԲՀ-ի ‹‹Հերացի›› ավագ դպրոցի հումանիտար հոսքի՝ պատմաիրավագիտական ենթահոսքի աշակերտներին: Իրավաբանական կազմակերպության գործունեությանը մոտիկից ծանոթանալու նպատակով աշակերտները շրջայց կատարեցին գլխամասային գրասենյակում, ծանոթացան ընկերության աշխատակազմի, նրանց աշխատանքի և կառուցվածքի հետ: ‹‹AM›› ընկերության բաժնետեր, գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Դավիթ Հունանյանը ապագա իրավաբան մասնագետներին ներկայացրեց իրավաբանի աշխատանքի գործունեությունը՝ առանձնացնելով տվյալ մասնագիտության առանձնահատությունները և  հիմնական ուղղությունները, որոնք կօգնեն ապագա իրավաբաններին կայանալ իրենց մասնագիտության մեջ: Ընդունելության ընթացքում աշակերտներին խորհուրդ տրվեց  նախքան բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելը ատիճանաբար ծանոթանալ ՀՀ օրենսդրությանը և ուսումնասիրել իրավունքի տեսությունը:
Բարձր գնահատելով նման միջոցաևումների կարևորությունը՝ ‹‹AM›› իրավաբանական ըկերությունը շարունակում է աջակցել ապագա իրավաբաններին:

Եվրասիա ավագ դպրոց-վարժարանի աշակերտները AM իրավաբանական ընկերությունում

«AM» իրավաբանական ընկերությունը հյուրընկալեց «Եվրասիա» ավագ դպրոց-վարժարանի իրավաբանական հոսքի աշակերտներին: Կազմակերպված ընդունելության ընթացքում աշակերտները շրջայց կատարեցին գլխամասային գրասենյակում, ծանոթացան ընկերության անձնակազմի, նրանց աշխատանքի և ընկերության կառուցվածքի հետ: 
Հանդիպման ընթացքում ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Լևոն Սահակյանը դպրոցականներին ներկայացրեց ըկերության ստեղծման պատմությունը, կարևորեց իրավունքի տեսության ուսումնասիրությունը, ծանոթացրեց իրավաբանական տարբեր ճյուղերին առնչվող առանձնահատկություններին, ներկայացեց իրավաբանի և փաստաբանի առավելությունները, լիազորությունները, ինչպես նաև օրինակներ բերեց սեփական փորձից: 
Մեր ըկերությունը, հաշվի առնելով դպրոցականների մասնագիտության ընտրությունը և ապագա իրավաբաններին աջակցության անհրաժեշտությունը, ակտիվորեն ներգրավված է մասնագիտական ու կրթական միջոցառումներում և խրախուսում է երիտասարդների հետաքրքրությունը իրավաբանի մասնագիտության նկատմամբ:

Wednesday, April 8, 2015

«AM»իրավաբանական ընկերությունը կարևորել է սահմանադրական բարեփոխումների քննարկմանը երիտասարդության մասնակցությունը

Ի՞նչ հարցեր են մտահոգում Հայաստանի ապագա իրավաբան մասնագետներին. օրենքների սահմանադրական հսկողություն, Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող անձանց շրջանակների ընդլայնում, սահմանադրորեն ամրագրել տեղական հանրաքվեի ինստիտուտը, ապագա Սահմանադրության մեջ ամրագրել աշխատանքի իրավունքը, շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պարտադիր պահանաջը և այլն: Ահա հենց այս հարցերն են բարձրացրել հայաստանյան բուհերի ուսանողները`  «AM» իրավաբանական ընկերության կողմից հայտարարված «Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով մրցույթի մասնակիցները:
Նշենք, որ մեկ ամիս առաջ «AM» իրավաբանական ընկերությունը հայտարարել էր մրցույթ՝ երիտասարդ իրավագետներին մրցութային կարգով ներկայացնելու սեփական դիտարկումներն ու առաջարկները Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ: Այսօր ամփոփվեցին մրցույթի արդյունքները, տրվեցին մրցանակները:

«Մեր ընկերությունը մշտապես առաջնորդվել է հանրային կարևոր իրադարձություններին բարձր մասնակցություն ապահովելու սկզբունքով: Այդ տեսանկյունից կարևոր է իրավական համայնքի ներգրավածությունն այնպիսի կարևոր գործընթացին, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների քննարկումն է: Անկախ քաղաքական դիրքորոշումից, պետք է իրավական ոլորտի մասնագետները խնդիրները ձևակերպեն ու ներկայացնեն հանրությանը: Այդ նպատակով կարևոր ենք համարում լսելի դարձնել ուսանողների ձայնը»,- մրցույթի ամփոփման ժամանակ ասաց «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանը:
Նա նշեց, որ նման մրցույթ հայտարարելու նպատակն էր հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը, որ երկրի կյանքը լինի բարեկեցիկ, օրենքերը պաշտպանված, երկրի կառավարումը, քաղաքական գործընթացները դառնան ավելի արդյունավետ:

Գ. Մինասյանի խոսքով, մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է եղել, մասնակցել են գրեթե բոլոր համալսարանների մի քանի տասնյակ ուսանողներ:
«Ուսանողները ներկայացրել են բավականին հետաքրքիր առաջարկներ: Այդպիսով` նրանք իրենց լուման կունենան մեր պետականության զարգացման գործում»,- ասաց «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետերը:

Մրցույթի հաղթող է ճանաչվել հինգ ուսանող: Նախատեսված է եղել երեք մրցանակ, սակայն, ըստ Գ. Մինասյանի, աշխատանքները հետաքրքիր են եղել, այդ իսկ պատճառով հինգ մրցանակ են սահմանել: Հաղթողներն արժանացան համակարգիչների և այլ նվերների, նաև հնարավորություն ընձեռվեց երեք ամիս աշխատել առաջատար իրավաբանական ընկերությունում:

Մրցույթի ամփոփմանը ներկա էր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

«Հաճելի է, որ նման կարևոր գործընթացին իրենց մասնակցությունն են ունենում նաև ուսանողները: Դուք մեր երկրի ապագան ենք: Կարճ ժամանակ անց ամեն ինչ ձեզ ենք հանձնելու: Ձեր ներգրավվածությունն այս գործընթացին կարևորում եմ, ու այս գործընթացը կարող է շահել ձեր ակտիվությամբ»,- ասաց նախարարը:

Հ. Մանուկյանը կարևորեց նաև այն փաստը, որ այս գործընթացին իր ակտիվ մասնակցությունն է ունենում մասնավոր սեկտորը: ««AM» իրավաբական գրասենյակը, որը մասնավոր կառույց է, նրա ծրագրում ուղղակիորեն չի մտնում նման գործընթաց ծավալել: Բայց ընկերությունը հարկ է համարել, կարևորել է կազմակերպել այս միջոցառումը: Սա խոսում է նրա մասին, որ հանրային ներգրավածությունն այս պրոցեսին կա ու դա տալու է շատ ավելի բարձր որակ»,- ասաց արդարադատության նախարարը:
Միջոցառմանը ներկա Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանն էլ ողջունեց ընկերության նախաձեռնությունը:

«Ողջունելի է այն իմաստով, որ աստիճանաբար իրավաբան մասնագետների ներգրավվածությունը իրավական փաստաթղթերի մշակմանը մեծանում է, որը շատ ավելի արդյունավետ է դարձնում գործընթացները»,- ասաց նա:

Ուսանողները շնորհակալություն հայտնեցին «AM» իրավաբանական ընկերությանը՝ երիտասարդ իրավաբանների համար նման կարևոր մրցույթ անցկացնելու ու երկրի համար կարևորագույն այս հարցում արտահայտվելու հնարավորություն ընձեռելու համար: