Thursday, June 30, 2016

Իրանում մեր հաճախորդի շահերը լավագույնս պաշտպանվել են «AM»-ի գործընկերոջ հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ


      Հարևան պետությունում մեր փորձառու և պրոֆեսիոնալ գործընկերոջ՝ «Law offices of Dr. Hassan Amirshahi and Associates» իրավաբանական ընկերության հետ համագործակցելով  կարողացել ենք դրական լուծում տալ մեր հաճախորդի բարդացած խնդրին:

   Հաճախորդը «AM» իրավաբանական ընկերությանն էր դիմել ժառանգության իրավունքի հետ կապված խնդիրների կարգավորման նպատակով: Խնդրի բարդությունն ու գործի լուծման հավանականությունը պայմանավորված էին այն հանգամանքով, որ բացակայում էին գործընթացի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանք կարող էին ձեռք բերվել միայն Իրանի Իսլամական Հանրապետության պետական մարմիններից: Իրանական գործընկերոջ հետ հստակ կազմակերպված թիմային աշխատանքի արդյունքում ստացված փաստաթղթերի հիման վրա մեր ընկերության իրավաբանները կարողացան իրականացնել վստահորդի կողմից ժառանգության ընդունման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները:

Tuesday, June 14, 2016

Բաց դռների հերթական օրը Գյումրու գրասենյակում՝ այս անգամ առավելապես սեփականության իրավունքի ձեռքբերման խնդիրներով


   «AM» իրավաբանական ընկերության Գյումրու գրասենյակում շարունակվում է անվճար իրավաբանական խորհրդատվությունների տրամադրումը Գյումրու բնակիչներին:

   Հաշվի առնելով սեփականության իրավունքի հետ կապված տարբեր խնդիրների ու վեճերի տարածվածությունը և նման հարցերով Գյումրու գրասենյակ դիմողների մեծ քանակը՝ «AM» իրավաբանական ընկերությունը Գյումրու գրասենյակում կազմակերպվող ամենամսյա անվճար իրավաբանական խորհրդատվությունների հերթական օրն իրականացնելու է նշված հարցերի,  մասնավորապես ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերմանն առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդատվության ու պարզաբանումների տրամադրում: 

    Բաց դռների հերթական օրը կկայանա հունիսի 16-ին, ժամը 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:

    Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:

Օտարերկրյա ներդրում Հայաստանում՝ «AM» ընկերության նոր գործակցությունը ForexTime-ի հետ


   Երևանում՝ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում, տեղի ունեցավ աշխարհահռչակ միջազգային ֆորեքս բրոքեր ForexTime ընկերության հայաստանյան գործառնական գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը: Արարողությանը ներկա էին հայաստանյան ֆինանսական աշխարհի ներկայացուցիչներ, ինչպես նաև օտարերկրյա հյուրեր: ForexTime ընկերությունն աշխարհում Forex ոլորտի առաջատար ընկերություններից է, որը հայտնի է իր տեխնոլոգիական նորարարական լուծումներով և բարձրորակ Forex ծառայություններով: Առաջարկելով օրինակելի առևտրային պայմաններ և ծառայություններ՝ նախատեսված բոլոր մակարդակների հաճախորդների համար, ու գործելով որպես տաղանդավոր ու փորձառու մասնագետների թիմ՝ ForexTime-ն արագ դարձել է հանրահայտ ապրանքանիշ ողջ աշխարհում: Այժմ ապրանքանիշը շարունակում է իր առաջխաղացումը հայաստանյան նոր գրասենյակի բացմամբ, որը տեխնիկական աջակցություն է ցուցաբերելու ForexTime-ին:
    ForexTime ընկերության հայաստանյան գործառնական գրասենյակի կազմավորման գործընթացին իր հատուկ մասնակցությունն է ունեցել «AM» իրավաբանական ընկերությունը՝ այդպիսով հերթական անգամ աջակցելով Հայաստանում օտարերկրյա ներդրումների ավելացմանը: Նորաստեղծ գրասենյակի կողմից ակնկալվող գործունեության իրականացման ընթացքում նույնպես «AM» իրավաբանական ընկերությունը շարունակելու է հանդիսանալ կազմակերպության իրավական աջակիցն ու կայուն գործընկերը:
     «AM» իրավաբանական ընկերությունը խիստ կարևորում է մեր երկրում ներդրումների, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների ավելացումը, և այդ ոլորտում ունենալով երկարամյա փորձ՝ հաճախ նախաձեռնում է ներդրողների մուտքը Հայաստան կամ ապահովում է բարձրորակ իրավաբանական ծառայություններ և համալիր իրավաբանական սպասարկում արդեն իսկ գործող օտարերկրյա բիզնեսներին:

Sunday, June 12, 2016

«Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն այցելեցին «AM» իրավաբանական ընկերություն. մեր ընկերության ապագա փաստաբանը հնարավոր է՝ նրանց շարքերում էր


  Պահպանելով ապագա իրավաբաններին իրենց մասնագիտական առաջընթացում աջակցելուավանդույթը՝ «AM» իրավաբանական ընկերությունը հյուրընկալեց «Հերացի» ավագ դպրոցի պատմաիրավագիտական ենթահոսքի աշակերտներին: Ընկերության գործունեությանը ծանոթանալու համար աշակերտները շրջեցին ընկերության գլխամասային գրասենյակում, որտեղ նրանց ներկայացվեց ընկերության կառուցվածքը և աշխատակազմը:

   Հանդիպման ընթացքում «AM» իրավաբանական ընկերության բաժնետերերից մեկը` Վանիկ Մարգարյանը, աշակերտներին ներկայացրեց ընկերության հիմնադրման և զարգացման պատմությունը, դրա ամենօրյա գործունեության առանձնահատկությունները` պատասխանելով իրավաբանի աշխատանքի և իրավական կարգավորումների վերաբերյալ աշակերտների հարցերին:

   Քանի որ «AM» իրավաբանական ընկերությունը մեծապես արժևորում է աջակցությունը մեր երկրի ապագա իրավաբաններին, նման միջոցառումների անցկացումը կլինի շարունակական:

Thursday, June 2, 2016

Սերվիտուտ սահմանելու պահանջով հերթական հաղթանակը «AM» ընկերության Pro Bono գործերի շրջանակներում



   Հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր որդեգրած սկզբունքին՝ «AM» իրավաբանական ընկերությունը շարունակում է հասարակական հիմունքներով իրավական աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին՝ նպաստելով նրանց խախտված իրավունքների վերականգնմանը:

    Արագածոտնի մարզի Ուշի համայնքի բնակիչ Մարիետա Հովհաննիսյանը դիմել է ընկերությանը՝ իր գույքի օգտագործման շուրջ առաջացած վեճի լուծման նպատակով: Վեճն առնչվում էր մի իրավիճակի, երբ սեփական գույքով անարգել  և լիարժեք օգտվելը կախված էր հարևանությամբ գտնվող անձանց հողատարածք մուտք գործելու հետ: Հարևանների կողմից նշված գործողություններն արգելելն անհնարին էին դարձրել սեփական գույքն ըստ հայեցողության քաղաքացու կողմից օգտագործելը: Քաղաքացին դիմել էր դատարան՝ խնդրելով հարկադիր սերվիտուտ սահմանել հարևան հողատարածքի նկատմամբ, սակայն վերջինիս պահանջը դատարանի վճռով մերժվել էր:

 «AM» իրավաբանական ընկերության կողմից Հովհաննիսյանի շահերի պաշտպանությունն ստանձնելուց հետո Ընկերության փաստաբանների հմուտ և արհեստավարժ աշխատանքի արդյունքում նշված վճիռը վերաքննիչ դատարանի կողմից բեկանվել է և գործի նոր քննության արդյունքում Մարիետա Հովհաննիսյանի խնդիրը լուծվել է. սահմանվել է հարկադիր սերվիտուտ հարևան հողատարածքի նկատմամբ:

Ճանապարհային ոստիկանության ակտերի վիճարկման հարցերով անվճար իրավաբանական խորհրդատվության օր Գյումրու գրասենյակում

   
    Երթևեկության կանոնների խախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրմամբ պայմանավորված կտրուկ աճել է ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից կայացվող վարչական ակտերի քանակը: Կարևորելով կայացված ակտերի վիճարկման ճանապարհով վարորդների իրավունքների պաշտպանության խնդիրը, ինչպես նաև հաշվի առնելով նշված ակտերով արդեն իսկ սահմանված տուգանքների վճարման դժվարությունները՝ «AM» իրավաբանական ընկերությունը Գյումրու գրասենյակում կազմակերպվող ամենամսյա անվճար իրավաբանական խորհրդատվությունների հերթական օրը Գյումրու բնակիչ վարորդներին տրամադրելու է  խորհրդատվություն և պարզաբանումներ Ճանապարհային ոստիկանության ակտերի վիճարկմանն առնչվող հարցերով:

        Բաց դռների հերթական օրը կկայանա մայիսի 26-ին, ժամը 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:

        Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:
Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով: - See more at: http://am.am/arm/news/555/tchanaparhayin-ostikanutyan-akteri-vitcharkman-harcerov-anvtchar-iravabanakan-khorhrdatvutyan-or-gyumru-grasenyakum.html#sthash.HZu58Bhd.dpuf

Tuesday, May 10, 2016

«AM» իրավաբանական ընկերության թիմին է միանում նոր արտոնագրված փաստաբան




    Ապրիլի 30-ին ՀՀ Փաստաբանների պալատի կողմից փաստաբանական գործունեության արտոնագրեր շնորհվեցին ՀՀ փաստաբանական դպրոցի շրջանավարտներին: Որակավորման քննությունները հաջողությամբ հանձնած և փաստաբանական գործունեության արտոնագիր ստացած շրջանավարտների թվում է նաև «AM» իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու Վարդան Հարությունյանը: Այսուհետ, «AM» իրավաբանական ընկերության թիմը համալրված է ևս մեկ փաստաբանով: