Showing posts with label հանրային իրավունքի եվրոպական կազմակերպություն. Show all posts
Showing posts with label հանրային իրավունքի եվրոպական կազմակերպություն. Show all posts

Tuesday, January 17, 2017

Հայոց ցեղասպանության թեման միջազգային հեղինակավոր գիտական պարբերականում

Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության կողմից հրատարակվող «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի իրավունքի ուսումնասիրություններ» պարբերականում տպագրվել է «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանի գիտական հոդվածը, որը վերաբերում է հայոց ցեղասպանությանը:
«Հայոց ցեղասպանությունը որպես միջազգային հանցագործություն» թեմայով հոդվածը եվրոպացի և այլ ընթերցողներին հնարավորություն կտա իրավական հարթակում ծանոթանալ հայոց ցեղասպանության փաստին, դրա իրավական հետևանքներին և Թուրքիայի պատասխանատվության հիմքերին՝ դրանով իսկ փոքր ներդրում կատարելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:
http://am.am/eng/news/655/armenian-genocide-as-an-international-crime.html

Monday, September 26, 2016

Աթենքում կայացած տնօրենների խորհրդի նիստին և «Քաղաքացիություն ու ներգաղթ Եվրոպայում» գիտաժողովին մասնակցել է նաև հայաստանյան պատվիրակությունը

Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Մինասյանի ղեկավարած պատվիրակությունը Աթենքում մասնակցել է միջազգային հեղինակավոր կառույցի տնօրենների խորհրդի նիստին, որի անդամ են 14 եվրոպական երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, 6 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և աշխարհի 64 լավագույն համալսարանների ղեկավարներ:
Տնօրենների խորհրդի նիստին հաջորդել է «Իրավունքներ առանց սահմանների. Քաղաքացիություն և ներգաղթ Եվրոպայում» խորագրով գիտաժողովը, որի ընթացքում եվրոպական առաջատար համալսարանների դասախոսները ներկայացրել են Եվրոպայում ներգաղթյալների կարգավիճակի իրավական կարգավորումները: Գիտաժողովին նույնպես մասնակցել է հայկական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էր նաև «AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Նարինե Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը հանրային իրավունքի ոլորտում գիտելիքի ձևավորման ու տարածման, ինչպես նաև ամբողջ աշխարհում եվրոպական արժեքների տարածման նպատակով ստեղծված միջազգային կազմակերպություն է: 2011թ. Հայաստանի Հանրապետությունը դարձել է կազմակերպության լիիրավ անդամ և հաստատել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հիմնադրման մասին Աթենքում ստորագրված համաձայնագիրը: Միաժամանակ Հայաստանը տարածաշրջանում առաջին և միակ երկիրն է, որտեղ գործում է այս ազդեցիկ միջազգային կազմակերպության մասնաճյուղը, որի հյուրընկալող կառույցը «AM» իրավաբանական ընկերությունն է: