Wednesday, November 15, 2017

Տեսուչների 5 միլիոնանոց սխալն ուղղել է ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը

Եվրոպական արտադրության մի շարք ապրանքներ Հայաստան ներմուծելիս մաքսային տեսուչներն իրականացրել էին համապատասխան զննություն «Կարմիր ուղի» ընթացակարգով, ինչի արդյունքում չհայտնաբերելով որևէ սխալ՝ թույլատրվել էր ապրանքի բացթողումը:  Պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության կողմից հայաստանյան տվյալ ներմուծողի մոտ իրականացված մաքսային ստուգման արդյունքում պարզվել էր, որ զննություն անցած ապրանքները հայտարարագրվել էին սխալ ծածկագրերով: Արդյունքում ներմուծող ընկերության նկատմամբ հաշվարկվել էր մոտ 5 մլն ՀՀ դրամի չափով տույժեր՝ հաշվի չառնելով, որ տուգանքը փաստացի առաջացել է մաքսային տեսուչների կողմից թույլ տրված խախտումների հետևանքով։
«AМ» իրավաբանական ընկերության համապատասխան թիմի ղեկավար Վանիկ Մարգարյանն ու իր հետ տվյալ գործով ներգրավված մասնագետները բողոք  ներկայացրեցին Պետական եկամուտների կոմիտեի գանգատարկման հանձնաժողով՝ հիմնավորելով առաջադրված տուգանքի ոչ իրավաչափ լինելը: Արդյունքում գանգատարկման հանձնաժողովն ամբողջությամբ բավարարեց ներկայացված բողոքը՝ վերացնելով հաշվարկված տույժերը: Ավելին՝ վերոհիշյալ հանձնաժողովն իր որոշման մեջ նշեց, որ մաքսային մարմնի կողմից իր պարտականությունները պատշաճ կատարելու դեպքում տուգանված տնտեսվարողը զերծ կմնա ակտով հաշվարկված տույժերը վճարելու պարտավորությունից:
Այսպիսով, «AМ» իրավաբանական ընկերությունը մաքսային գործով արձանագրել է հերթական դրական արդյունքը՝առանց նույնիսկ դատարան դիմելու, ինչը ևս մեկ անգամ փաստում է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի գանգատարկման հանձնաժողով դիմելու արդյունավետությունը:

Ահա թե ինչ եղավ, երբ ապահովագրական ընկերությունը փորձեց չվճարել «Հյուր Սերվիս»-ին հասանելիք մեկ միլիոնը


Հայաստանի հայտնի ապահովագրական ընկերություններից մեկը հրաժարվում էր պատշաճ հատուցել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «Հյուր Սերվիս» ընկերության կրած վնասները:
ԱՊՊԱ ոլորտում վնասի գնահատման առաջնային հաշվետվության համաձայն տրանսպորտային միջոցին պատճառված վնասն անարդարացիորեն գնահատվել էր 463.700 ՀՀ դրամ: Համաձայն չլինելով առաջնային փորձաքննության արդյունքների հետ՝ «Հյուր Սերվիս» ընկերությունը դիմել էր Հայաստանի ապահովագրողների բյուրո՝ կրկնակի փորձաքննություն իրականացնելու խնդրանքով: Արդյունքում հաստատվել էր, որ տրանսպորտային միջոցին պատճառված վնասը կազմել է 1.416.000 ՀՀ դրամի չափով գումար, այսինքն՝ մոտ մեկ միլիոն դրամ ավել գումար:
Ապահովագրական ընկերությունը, համաձայն չլինելով փորձագետի եզրակացության հետ, դիմել էր դատարան՝ պահանջելով իրեն ազատել  463,700 ՀՀ դրամից ավել ապահովագրական հատուցում վճարելու պարտավորությունից:
«AM» ընկերության իրավաբանների և հատկապես փաստաբան Պայծառ Քոչարյանի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում 2017թ. օգոստոսի 8-ին դատարանն ամբողջությամբ մերժեց «Հյուր Սերվիս» ընկերության դեմ ներկայացված անհիմն պահանջը, փոխարենը բավարարեց «AM» ընկերության կողմից ներկայացված հակընդդեմ հայցը և որոշում կայացրեց ապահովագրական ընկերությունից հօգուտ «Հյուր Սերվիս» ընկերության բռնագանձել 1.416.000 ՀՀ դրամ՝ միևնույն ժամանակ այդ գումարին հավելելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:
Այսպիսով, «AM» ընկերությունն իր հաճախորդի համար ապահովեց հերթական հաղթանակը դատարանում և թույլ չտվեց ապահովագրական հայտնի ընկերությանը «Հյուր Սերվիս» ընկերությունից խլել շուրջ մեկ միլիոն դրամն ու այդ գումարի վճարումը ուշացնելուց առաջացած տոկոսները:

ՀԴՄ կտրոնն արդյո՞ք բավարար է ապրանքներ առաքելիս. վեճը հանգուցալուծված է

Վերջերս սննդամթերք ներմուծող հայկական ընկերության նկատմամբ հարկային մարմինների կողմից 1.000.000 դրամի չափով տուգանք էր նշանակվել: Ընկերությունը նման իրավիճակում էր հայտնվել, քանի որ հարկային մարմինը գտել էր, որ տվյալ ընկերությունն իր ապրանքներն առաքել էր առանց ուղեկցող փաստաթղթերի՝ համարելով, որ ՀԴՄ կտրոնները չեն կարող համարվել ուղեկցող փաստաթուղթ, և դրանց հետ պարտադիր պետք է առկա լինի հարկային հաշիվ:
Նշված տուգանքը չեղարկելու նպատակով «AM» իրավաբանական ընկերությունը մինչև դատարան դիմելը նպատակահարմար գտավ հարկային տարածքային մարմնի որոշումը բողոքարկել Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի գանգատարկման հանձնաժողով:
Ներկայացված դիմումի քննարկման ընթացքում «AM» իրավաբանական ընկերության հարկային օրենսդրության ոլորտի մասնագետները կարողացան հիմնավորել, որ այն դեպքերում, երբ ապրանքները վաճառվել են ֆիզիկական անձանց և այնուհետև առաքվել են վերջիններիս՝ ապրանքներին համապատասխանող ՀԴՄ կտրոնների ուղեկցմամբ, նշված կտրոնը հանդիսանում է օրենքի իմաստով ուղեկցող փաստաթուղթ, և որևէ այլ լրացուցիչ փաստաթղթի առկայություն պարտադիր չէ: Գանգատարկման հանձնաժողովը որոշեց, որ տվյալ դեպքում հիմնավորված չէ ապրանքները հարկային հաշվով ուղեկցվելու պարտադիրությունը, ուստի նշանակված տուգանքն իրավաչափ չէ:
Այսպիսով, հետևողական և սկզբունքային տնտեսվարողի, «AM» իրավաբանական ընկերության արագ ու որակյալ աշխատանքի և Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի էապես բարելավված ու արդյունավետ դարձած բողոքարկման համակարգի շնորհիվ բավարարվեց տնտեսվարող սուբյեկտի դիմումը և օրենքի սխալ մեկնաբանմամբ կիրառված տուգանքը չեղարկվեց:

Հինգ տարում կրտսեր իրավաբանից մինչև ընկերության բաժնետեր. «AM»-ը նոր բաժնետեր ունի

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նարինե Սարգսյանի և «AM» իրավաբանական ընկերության միջև հունիսի 23-ին ստորագրվեց բաժնետիրոջ կարգավիճակի ձեռքբերման պայմանագիր, ըստ որի փաստաբան Նարինե Սարգսյանը դարձավ «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր: Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ «AM» իրավաբանական ընկերության գլխամասային գրասենյակում:
Դեռևս 2012 թվականին Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ, սկսնակ իրավաբան Նարինե Սարգսյանը միացավ «АM» իրավաբանական ընկերությանը՝ որպես կրտսեր իրավախորհրդատու: Իր աշխատասիրության, մասնագիտական և մարդկային բարձր որակների, ինչպես նաև ընկերության նկատմամբ ունեցած մեծ նվիրվածության արդյունքում Նարինե Սարգսյանը կարողացավ արագորեն բարձրանալ ընկերության կանոնադրությամբ հաստատված պաշտոնական աստիճանակարգով և ի վերջո դառնալ Հայաստանի առաջատար իրավաբանական ընկերության բաժնետեր:
Փաստաբան Նարինե Սարգսյանը վարժ տիրապետում է ֆրանսերենին, անգլերենին, ռուսերենին և հայերենին: Նա մասնագիտացած է միջազգային գործարար, աշխատանքային ու քաղաքացիական  իրավունքի ոլորտներում և ունի  ծանրակշիռ փորձառություն տեղական և օտարերկրյա ընկերությունների սպասարկման, ինչպես նաև անհատների տարբեր իրավական խնդիրների լուծման գործում:

Գյումրիի հինավուրց փողոցների վերականգնման ծրագրում կան ռիսկեր այդ փողոցների բնակիչների համար

Գյումրիում ձևավորվել է «Կումայրի Վերածնունդ» ներդումային հիմնադրամը, որի նպատակն է Գյումրիի երկու հինավուրց փողոցների (Գորկի և Ռուսթավելի) վերականգնումը և դրանք բիզնես կենտրոնի վերածումը: Կա վտանգ, որ առանց կոնկրետ ծրագիր ներկայացնելու մարդկանց կստիպեն վաճառել իրենց տները կամ դուրս գալ տներից և դառնալ ֆոնդի բաժնետեր՝ վաճառքի դեպքում չնշելով քառակուսի մետրով ֆիքսված գին: Չի ներկայացվել նաև, թե բաժնետեր դառնալու դեպքում որոշակի տարածքի դիմաց որքա՛ն  բաժնեմաս է տրվելու:
«AM» իրավաբանական ընկերությունը, կարևորելով գյումրեցիների շահերը, կանցկացնի անվճար խորհրդատվություն իրենց այս և այլ խնդիրներին վերաբերող թեմաներով՝ պարզաբանելով քաղաքացիներին, թե արդյոք այդ ծրագրի շրջանակներում մարդիկ իրենց տները տալով ի՞նչ եկամուտ կկարողանան ակնկալել, կամ ի՞նչ կլինի, եթե հիմնադրամի գործունեությունը չստացվի, և սնանկության գործընթաց սկսվի:
Անվճար խորհրդատվությունը կանցկացի մայիսի 18-ին , ժամը 10.00 - 18.00,
ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:

Tuesday, November 14, 2017

Քրեական իրավունքի մաստեր-կլաս՝ Հայ-Ռուսական համալսարանի ուսանողների համար

Հայ-Ռուսական համալսարանի 40 ուսանողներ մասնակցել են «АМ» իրավաբանական ընկերության կողմից կազմակերպված քրեական իրավունքի մաստեր-կլասին, որը վարել է «АМ» ընկերության բաժնետեր, քրեական գործերով ճանաչված փաստաբան Լևոն Սահակյանը և գլխավոր իրավախորհրդատու Նարինե Սարգսյանը:
Ի թիվս քրեական իրավունքին և քրեական դատավարությանը վերաբերող բազմաթիվ տեսական ու գործնական հարցերի, ուսանողները փորձառու մասնագետների հետ քննարկեցին այն հարցը, որ հաճախ քննիչներն անձին կանխամտածված ներգրավում են որպես վկա, զգուշացնում ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հարցաքննում, այնուհետև նոր առաջադրում մեղադրանք: Տվյալ հարցի կապակցությամբ փաստաբան Լևոն Սահակյանը պարզաբանեց, որ կախված գործի հանգամանքներից կարելի է ընտրել մարտավարության երկու տարբերակներից մեկը՝ 1) ունենալով վկայի կարգավիճակ՝ հրաժարվել ցուցմունք տալուց՝ վկայակոչելով Սահմանադրության նորմը, ինչպես նաև մի շարք նախադեպային որոշումներ, 2) այնուամենայնիվ, տալ ցուցմունքներ, իսկ հետագայում որոշել պնդել այդ ցուցմունքները, թե՞ վիճարկել տվյալ արձանագրության թույլատրելիությունը:
Քրեական գործի քննության ժամկետների ձգձգման խնդրի կապակցությամբ ուսանողներից մեկն առաջարկեց օրենքով սահմանել գործի քննության համար հստակ ժամկետ: Փաստաբան Սահակյանը ուսանողներին բացատրեց, որ շատ վտանգավոր է սահմանել դատական գործի համար հստակ ժամկետ և ստիպել դատավորներին այդ ընթացքում ավարտել գործը, քանի որ կարող է վտանգվել գործերի արդյունավետ և արդար քննությունը: Այլ կերպ ասած՝ կարող են լինել գործեր, որոնց արդար դատաքննության համար անհրաժեշտ լինեն առավել երկար ժամկետներ, քան նախատեսված կլինի օրենքով: Իսկ գործերը դասակարգելը և ըստ այդմ յուրաքանչյուրի համար առանձին ժամկետ սահմանելը շատ դժվար կլինի օրենսդրի համար: Ուստի, ընդունելով, որ այժմ օրենսդրության մեջ տեղ գտած «ողջամիտ ժամկետ» արտահայտությունը կարող է տարբեր դատավորների կողմից տարբեր կերպ մեկնաբանվել՝  այնուամենայնիվ դեռևս ավելի լավ լուծում չի գտնվել:
Ուսանողներին հետաքրքրեց նաև, թե արդյո՞ք փաստաբանը պետք է պաշտպանի իր վստահորդին՝ գիտակցելով, որ նա հանդիսանում է հանցագործ: Նշված հարցի կապակցությամբ փորձառու փաստաբանները հայտնեցին, որ իրենց համար առաջնային նպատակը պետք է լինի իրենց վստահորդի շահերը պաշտպանելը, ինչն էլ լայն առումով կնպաստի արդարադատությանը, քանի որ կստիպի պետական մարմիններին յուրաքանչյուր գործով աշխատել առավել արդյունավետ և բարեխիղճ: Բացի այդ, արդարադատության ապահովման առաքելությունը պատկանում է ոչ թե փաստաբանին, այլ դատարաններին:
Հանդիպման ավարտին ապագա իրավաբաններին նաև ներկայացվեց հետագայում «AM» ընկերությունում աշխատանքի ընդունվելու կամ պրակտիկա անցկացնելու հնարավորություններն ու ընթացակարգը:

Համաշխարհային բանկը շնորհակալություն է հայտնել Հայաստանի առաջատար իրավաբանական ընկերությանը

Համաշխարհային բանկը պաշտոնական շնորհակալագիր է հղել «AM» ընկերությանը՝ նշելով, որ Հայաստանի գյուղատնտեսությունը խթանող պայմանների վերաբերյալ տրամադրված տեղեկատվությունը վճռորոշ նշանակություն է ունեցել «Բիզնեսի զարգացման խթանումը գյուղատնտեսությունում» (EBA) 2017 զեկույցի պատրաստման և վերլուծության իրականացման համար: Միաժամանակ Համաշխարհային բանկը ցանկություն և պատրաստակամություն է հայտնել  հաջորդ զեկույցի պատրաստման ընթացքում ևս համագործակցել «AM» իրավաբանական ընկերության հետ: Համաշխարհային բանկը հատուկ վկայագրերով երախտագիտություն է հայտնել «AM» ընկերության բաժնետեր Եվա Առաքելյանին և գլխավոր իրավախորհրդատու Նարինե Սարգսյանին, ովքեր կատարել են ՀՀ գյուղատնտեսության ոլորտը կարգավորող օրենսդրության մանրամասն ուսումնասիրություն և վերլուծություն, ինչի արդյունքում Համաշխարհային բանկին տրամադրել են Հայաստանի գյուղատնտեսության իրավական կարգավորման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:
Համաշխարհային բանկի նշված զեկույցը ներկայացնում է տվյալներ, որոնք գնահատում են իրավաբանական խոչընդոտները, որոնց հանդիպում են ընկերությունները գյուղատնտեսական ոլորտում 62 երկրներում և 12 թեմատիկ ուղղություններով: Այդ տվյալները կարող են օգտագործվել պետական համակարգի ներկայացուցիչների, ներդրողների, վերլուծաբանների, հետազոտողների և այլ մասնագետների կողմից, որոնք հետաքրքրվում են ագրոարդյունաբերական համալիրի, չափվող ուղղություններով երկրների գործունեության արդյունավետության գնահատման և լավագույն կարգավորող պրակտիկաների հայտնաբերման համար առկա նորմատիվ իրավական բազայով:
Հարկ է նշել, որ 2013 թվականից սկսած Համաշխարհային բանկն իրականացնում է «Բիզնեսի զարգացման խթանումը գյուղատնտեսությունում» (EBA) ծրագիրը, որի շրջանակներում հրապարակում է զեկույցներ՝ աշխարհի տարբեր երկրների գյուղատնտեսական ոլորտների և դրանք խթանող պայմանների վերաբերյալ: Գյուղատնտեսության ոլորտը կարևոր դերակատարություն ունի Համաշխարհային բանկի երկու կարևորագույն նպատակների՝ ծայրահեղ աղքատության վերացման և համընդհանուր բարեկեցության խթանման իրականացման համատեքստում: