Wednesday, November 15, 2017

Գյումրիի հինավուրց փողոցների վերականգնման ծրագրում կան ռիսկեր այդ փողոցների բնակիչների համար

Գյումրիում ձևավորվել է «Կումայրի Վերածնունդ» ներդումային հիմնադրամը, որի նպատակն է Գյումրիի երկու հինավուրց փողոցների (Գորկի և Ռուսթավելի) վերականգնումը և դրանք բիզնես կենտրոնի վերածումը: Կա վտանգ, որ առանց կոնկրետ ծրագիր ներկայացնելու մարդկանց կստիպեն վաճառել իրենց տները կամ դուրս գալ տներից և դառնալ ֆոնդի բաժնետեր՝ վաճառքի դեպքում չնշելով քառակուսի մետրով ֆիքսված գին: Չի ներկայացվել նաև, թե բաժնետեր դառնալու դեպքում որոշակի տարածքի դիմաց որքա՛ն  բաժնեմաս է տրվելու:
«AM» իրավաբանական ընկերությունը, կարևորելով գյումրեցիների շահերը, կանցկացնի անվճար խորհրդատվություն իրենց այս և այլ խնդիրներին վերաբերող թեմաներով՝ պարզաբանելով քաղաքացիներին, թե արդյոք այդ ծրագրի շրջանակներում մարդիկ իրենց տները տալով ի՞նչ եկամուտ կկարողանան ակնկալել, կամ ի՞նչ կլինի, եթե հիմնադրամի գործունեությունը չստացվի, և սնանկության գործընթաց սկսվի:
Անվճար խորհրդատվությունը կանցկացի մայիսի 18-ին , ժամը 10.00 - 18.00,
ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:

Tuesday, November 14, 2017

Քրեական իրավունքի մաստեր-կլաս՝ Հայ-Ռուսական համալսարանի ուսանողների համար

Հայ-Ռուսական համալսարանի 40 ուսանողներ մասնակցել են «АМ» իրավաբանական ընկերության կողմից կազմակերպված քրեական իրավունքի մաստեր-կլասին, որը վարել է «АМ» ընկերության բաժնետեր, քրեական գործերով ճանաչված փաստաբան Լևոն Սահակյանը և գլխավոր իրավախորհրդատու Նարինե Սարգսյանը:
Ի թիվս քրեական իրավունքին և քրեական դատավարությանը վերաբերող բազմաթիվ տեսական ու գործնական հարցերի, ուսանողները փորձառու մասնագետների հետ քննարկեցին այն հարցը, որ հաճախ քննիչներն անձին կանխամտածված ներգրավում են որպես վկա, զգուշացնում ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հարցաքննում, այնուհետև նոր առաջադրում մեղադրանք: Տվյալ հարցի կապակցությամբ փաստաբան Լևոն Սահակյանը պարզաբանեց, որ կախված գործի հանգամանքներից կարելի է ընտրել մարտավարության երկու տարբերակներից մեկը՝ 1) ունենալով վկայի կարգավիճակ՝ հրաժարվել ցուցմունք տալուց՝ վկայակոչելով Սահմանադրության նորմը, ինչպես նաև մի շարք նախադեպային որոշումներ, 2) այնուամենայնիվ, տալ ցուցմունքներ, իսկ հետագայում որոշել պնդել այդ ցուցմունքները, թե՞ վիճարկել տվյալ արձանագրության թույլատրելիությունը:
Քրեական գործի քննության ժամկետների ձգձգման խնդրի կապակցությամբ ուսանողներից մեկն առաջարկեց օրենքով սահմանել գործի քննության համար հստակ ժամկետ: Փաստաբան Սահակյանը ուսանողներին բացատրեց, որ շատ վտանգավոր է սահմանել դատական գործի համար հստակ ժամկետ և ստիպել դատավորներին այդ ընթացքում ավարտել գործը, քանի որ կարող է վտանգվել գործերի արդյունավետ և արդար քննությունը: Այլ կերպ ասած՝ կարող են լինել գործեր, որոնց արդար դատաքննության համար անհրաժեշտ լինեն առավել երկար ժամկետներ, քան նախատեսված կլինի օրենքով: Իսկ գործերը դասակարգելը և ըստ այդմ յուրաքանչյուրի համար առանձին ժամկետ սահմանելը շատ դժվար կլինի օրենսդրի համար: Ուստի, ընդունելով, որ այժմ օրենսդրության մեջ տեղ գտած «ողջամիտ ժամկետ» արտահայտությունը կարող է տարբեր դատավորների կողմից տարբեր կերպ մեկնաբանվել՝  այնուամենայնիվ դեռևս ավելի լավ լուծում չի գտնվել:
Ուսանողներին հետաքրքրեց նաև, թե արդյո՞ք փաստաբանը պետք է պաշտպանի իր վստահորդին՝ գիտակցելով, որ նա հանդիսանում է հանցագործ: Նշված հարցի կապակցությամբ փորձառու փաստաբանները հայտնեցին, որ իրենց համար առաջնային նպատակը պետք է լինի իրենց վստահորդի շահերը պաշտպանելը, ինչն էլ լայն առումով կնպաստի արդարադատությանը, քանի որ կստիպի պետական մարմիններին յուրաքանչյուր գործով աշխատել առավել արդյունավետ և բարեխիղճ: Բացի այդ, արդարադատության ապահովման առաքելությունը պատկանում է ոչ թե փաստաբանին, այլ դատարաններին:
Հանդիպման ավարտին ապագա իրավաբաններին նաև ներկայացվեց հետագայում «AM» ընկերությունում աշխատանքի ընդունվելու կամ պրակտիկա անցկացնելու հնարավորություններն ու ընթացակարգը:

Համաշխարհային բանկը շնորհակալություն է հայտնել Հայաստանի առաջատար իրավաբանական ընկերությանը

Համաշխարհային բանկը պաշտոնական շնորհակալագիր է հղել «AM» ընկերությանը՝ նշելով, որ Հայաստանի գյուղատնտեսությունը խթանող պայմանների վերաբերյալ տրամադրված տեղեկատվությունը վճռորոշ նշանակություն է ունեցել «Բիզնեսի զարգացման խթանումը գյուղատնտեսությունում» (EBA) 2017 զեկույցի պատրաստման և վերլուծության իրականացման համար: Միաժամանակ Համաշխարհային բանկը ցանկություն և պատրաստակամություն է հայտնել  հաջորդ զեկույցի պատրաստման ընթացքում ևս համագործակցել «AM» իրավաբանական ընկերության հետ: Համաշխարհային բանկը հատուկ վկայագրերով երախտագիտություն է հայտնել «AM» ընկերության բաժնետեր Եվա Առաքելյանին և գլխավոր իրավախորհրդատու Նարինե Սարգսյանին, ովքեր կատարել են ՀՀ գյուղատնտեսության ոլորտը կարգավորող օրենսդրության մանրամասն ուսումնասիրություն և վերլուծություն, ինչի արդյունքում Համաշխարհային բանկին տրամադրել են Հայաստանի գյուղատնտեսության իրավական կարգավորման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:
Համաշխարհային բանկի նշված զեկույցը ներկայացնում է տվյալներ, որոնք գնահատում են իրավաբանական խոչընդոտները, որոնց հանդիպում են ընկերությունները գյուղատնտեսական ոլորտում 62 երկրներում և 12 թեմատիկ ուղղություններով: Այդ տվյալները կարող են օգտագործվել պետական համակարգի ներկայացուցիչների, ներդրողների, վերլուծաբանների, հետազոտողների և այլ մասնագետների կողմից, որոնք հետաքրքրվում են ագրոարդյունաբերական համալիրի, չափվող ուղղություններով երկրների գործունեության արդյունավետության գնահատման և լավագույն կարգավորող պրակտիկաների հայտնաբերման համար առկա նորմատիվ իրավական բազայով:
Հարկ է նշել, որ 2013 թվականից սկսած Համաշխարհային բանկն իրականացնում է «Բիզնեսի զարգացման խթանումը գյուղատնտեսությունում» (EBA) ծրագիրը, որի շրջանակներում հրապարակում է զեկույցներ՝ աշխարհի տարբեր երկրների գյուղատնտեսական ոլորտների և դրանք խթանող պայմանների վերաբերյալ: Գյուղատնտեսության ոլորտը կարևոր դերակատարություն ունի Համաշխարհային բանկի երկու կարևորագույն նպատակների՝ ծայրահեղ աղքատության վերացման և համընդհանուր բարեկեցության խթանման իրականացման համատեքստում:

Վերացվել է 27.000.000 դրամի տուգանքը

Պետական եկամուտների կոմիտեի դեմ դատական գործով «AM» իրավաբանական ընկերությունը գրանցեց հերթական հաջողությունը: «AM» թիմի ջանքերով մաքսային մարմինների կողմից կիրառված ավելի քան 10մլն ՀՀ դրամ տուգանքը վերացվեց, որի հետևանքով վերացավ նաև մեր վստահորդ ընկերության տնօրենի նկատմամբ վարչական իրավախախտման համար կիրառված ավելի քան 17 մլն. ՀՀ դրամ տուգանքը:
Հայցի բավարարման և տուգանք սահմանող որոշման անվավեր ճանաչման հիմքում դրվել է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագիրը՝ «Կրթական Գիտական և Մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» Նյու Յորքի 22.11.1950թ-ի համաձայնագիրը, որի համաձայն գրքի տպագրության համար նախատեսված թուղթը ազատված է մաքսային վճարներից՝ առանց սահմանափակումների, ինչից էլ օգտվել էր մեր վստահորդը՝ ներմուծելով և տպարաններին վաճառելով գրքի տպագրության համար նախատեսված թուղթը:
Մաքսային մարմնի կողմից նշված համաձայնագիրը հաշվի չէր առնվել, որի արդյունքում մաքսային մարմինը եզրահանգել էր, որ վերը նշված արտոնությամբ ներմուծված թուղթը ներմուծողը պետք է անձամբ օգտագործի տպագրության համար՝ առանց վերավաճառելու: Մինչդեռ դատարանը իրավացիորեն հաստատել է, որ նման սահմանափակում միջազգային պայմանագիրը չի նախատեսում, և արտոնության նպատակը գրքի ինքնարժեքի նվազեցումն է, որը որևէ կերպ կախված չէ նրանից, թե ներմուծողը անձամբ է տպագրում թուղթը, թե՞ վերավաճառում է տպարաններին:
Վարչական դատարանի կայացրած այս վճիռը կարող է լուրջ նշանակություն ունենալ Հայաստանում գրքի ինքնարժեքի նվազման համար և կերաշխավորի գրքի տպագրության համար թուղթ ներմուծողների կողմից միջազգային պայմանագրով սահմանված արտոնությունից օգտվելու իրավունքը:

Արդարացման դատավճիռ հանիրավի մեղադրված տիկնոջ համար՝ «AM» փաստաբանական թիմի նոր հաղթանակի արդյունքում

Ուրիշի բնակարան ապօրինի մուտք գործելու համար մեղադրվող կինը դիմել էր մեր ընկերությանը՝ խնդրելով պաշտպանություն իր նկատմամբ հարուցված քրեական գործի դատական քննության ընթացքում:
«AM» իրավաբանական ընկերությանը գործը հանձնելու պահին մեր վստահորդին մեղադրանք էր առաջադրվել մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելու համար, իսկ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը տիկնոջը մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով: «AM» իրավաբանական ընկերության փաստաբանական թիմը դատավճիռը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որն էլ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ բեկանեց առաջին ատյանի կողմից կայացված դատական ակտը՝ կայացնելով արդարացման դատավճիռ հօգուտ մեր հաճախորդի:
Այսպիսով, ընտրած ռազմավարության և ճիշտ իրավաբանական փաստարկների շնորհիվ, ինչպես նաև ժամանակին կատարված պատշաճ աշխատանքի արդյունքում ևս մի քրեական գործով «AM» դիմած քաղաքացին ազատվեց անարդար քրեական հետապնդումից, իսկ ընկերության փաստաբանական թիմը գրանցեց հերթական հաղթանակը:

ԱՄՆ Խաղաղության Կորպուսը իրավաբանական ծառայություններ կստանա «AM» իրավաբանական ընկերությունից

ԱՄՆ ամենահեղինակավոր պետական գործակալություններից մեկը` Հայաստանում մեծ հարգանք վայելող Խաղաղության Կորպուսը «AM»  իրավաբանական ընկերությունից քրեական և քրեական դատավարության իրավունքի վերաբերյալ եզրակացություն կստանա: Մասնավորապես, «AM»  իրավաբանական ընկերությունը տրամադրելու է ընդհանուր զեկույց` քրեական դատավարության հիմնական մասնակիցների իրավունքների և պարտականությունների, գործընթացի փուլերի, ինչպես նաև տեղական քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքների բնույթի վերաբերյալ:  

Նշենք, որ Խաղաղության Կորպուսը Նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից 1961թ. հիմնադրված ԱՄՆ կառավարության գործակալություն է, և ստեղծման պահից ավելի քան 225.000 կամավորական ծառայել է 140-ից ավել երկրներում: Հայաստանում Խաղաղության Կորպուսը հիմնադրվել է 1992 թվականին և նշում է իր ծառայության 25-ամյակը`անգլերենի ուսուցման և երիտասարդ համայնքի զարգացման ներկայիս նախագծերով: Հայաստանում ծառայության ընթացքում կամավորականները սովորում են հայերեն խոսել, ապրել տեղական ընտանիքներում և սերտորեն աշխատել հայկական գործընկերների հետ:

Շիրակի մարզի բազմաթիվ բուժաշխատողների իրավական խնդիրները այսուհետ կարգավորելու է «AM» Գյումրիի մասնաճյուղը

Սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում «AM» իրավաբանական ընկերությունն իրականացնում է նոր նախաձեռնություն՝ այս անգամ ուղղված բուժաշխատողների իրավական խնդիրների լուծմանն ու նրանց իրավունքների պաշտպանությանը՝ անվճար հիմունքներով:
Մեր գործընկեր Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոնի» աշխատակիցներն արդեն հնարավորություն ունեն իրենց բոլոր իրավական խնդիրներով դիմել «AM» Գյումրիի գրասենյակ և ստանալ անվճար իրավաբանական ծառայություն:
Մեր պրոֆեսիոնալ թիմի կողմից տրամադրվող անճար ծառայությունները ներառելու են ինչպես ամուսնաընտանեկան, պայմանագրային, սեփականության հետ կապված և ցանկացած այլ հարաբերություններին, այնպես էլ պետական մարմինների գործունեությանն առնչվող հարցերը: